
Օրերից մի օր Հայաստանի հայտնի լրագրողներից մեկը մի սոցիոլոգիական հարցում բացեց ու ի՞նչ տեսավ… զարմանալի թվեր, անսպասելի հարցեր ու հաճոյախոսություններ: Վախեցած իր տեսածից՝ նա գլորեց հարցումը հայտնի սոցիալական ցանցերից մեկին: Դրա մասնակիցներն էլ ավելի վախեցան տեսածից ու, ավելացնելով սարսափի իրենց բաժինն ու բառապաշարը, այն գլորեցին բլոգերներին ու հասարակական-քաղաքական գործիչներն: Նրանք էլ ավելի սարսափելի բաներ տեսան՝ թվանկարչություն, սխալ հարցեր, չտեղեկացված մարդկանց պատասխաններ, գաղտի պատվիրատու ու լիքը էդպիսի բաներ… էսպես բերնե-բերան անցնելով տարածվեց՝ սա~-տա~-նա~ կա քաղաքում …
«Հայելու հեքիաթը» մուլտֆիլմի դիպաշարն ուղղակիորեն հիշեցնում է օրերս մամուլում, սոցիալական ցանցերում ու բլոգներում ծավալված քննարկումներն այն բանից հետո, երբ հայտնի դարձան «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված հանրային կարծիքի հարցման արդյունքերը:
Մարդկանց կողմից բացահայտված հարցումը զարմանալիորեն նման է հայելուն, որի մեջ ամեն մեկը, տեսնելով իրեն, ահաբեկվում է ու կարծում, որ հայելին սատանա է… Բայց հայելու սոց. հարցման մեջ արտահայտվում է իրականությունը, և փոխարենը մեղադրելու այդ իրականության համար հասարակությանը, պետությանը, ԶԼՄ-ներին, քաղաքացիներին, իրենք իրենց և այլն, մեղադրանքի սլաքն ուղղում են հենց հայելուն սոց. հարցմանը՝ թե ինչու է նա իրականությունն այդպես ցույց տալիս: Պարադոքսալ իրավիճակ, որի պարզաբանումն ներկայացված է ստորև:
«Այ Փի Էս Սի»-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր քննարկման առարկա են դարձրել սոցիոլոգիական հարցումը, և հատկապես նրանց, ովքեր փորձել են իրատեսորեն վերլուծել ստացված արդյունքները (Միքայել Զոլյան, Արսեն Կարապետյան, Սամվել Մարտիրոսյան, Ռուբեն Մուրադյան, Հրանտ Տեր-Աբրահամյան և այլոք): Ողջունելի է այն հանգամանքը, որ սոցիոլոգիական հետազոտության արդյունքերը հանրային քննարկման առարկա են դառնում: Դա արդես իսկ մեկ քայլ առաջ է՝ սոցիոլոգիայի ու սոցիոլոգների հանդեպ հասարակության (սոցիալական տարբեր ինստիտուտների, պետական մարմինների, ԶԼՄ-ների, բնակչության) վերաբերմունքի մեջ փոփոխություն մտցնելու տեսանկյունից:
«Այ Փի Էս Սի»-ն իր գործունեության մեջ առաջնային արժեք է դարձրել անկողմնակալ, օբյեկտիվ, մեթոդաբանորեն հիմնավորված ու բոլոր միջազգային չափանիշներին համապատասխանող հետազոտությունների անցկացումն ու դրանց արդյունքների որևէ կերպ չխեղաթյուրումը, ճիշտ ներկայացումը: Ընկերության համար առաջնայինը պրոֆեսիոնալիզմն ու իր համբավն է: Ու հանուն ոչ մի պատվիրատուի դրանք չեն կարող խախտվել:
Այո՛, սոցիոլոգիական հարցումների արդյունքների հանդեպ անվստահության մթնոլորտը կա Հայաստանում (թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների, և թե’ քաղաքական գործիչների շրջանում), ինչը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ գործոններով: Սակայն դա չպետք է հիմք հանդիսանա՝ անվստահություն հայտնել ցանկացած հարցման ու ընկերության հանդեպ: Հանրային կարծիքի սոցիոլոգիական հարցումներն ընդամենը հանրության լայն զարգվածների կամ առանձին խմբերի ձայնը հնչելի դարձնելու նպատակ կարող են հետապնդել: Հանրությունն իր ընդհանրացված կարծիքին ծանոթանում է հարցումների միջոցով, որոնց նկատմամբ վերաբերմունքն առաջին հերթին պայմանավորվում է դրանց մեթոդաբանության ճշգրտությամբ, ընթացակարգով, այլ ոչ թե արդյունքների՝ ակնկալիքներին համապատասխանությամբ: Անվստահություն հայտնելուց առաջ պետք է կարողանալ հստակ հիմնավորել: Այլապես կստացվի, որ ծուռ հայելու մեջ ենք նայում…
Հակիրճ անդրադառնանք այն հիմնական հարցերին, որ առաջ են քաշել քննարկման մասնակիցները՝ հատկապես օտարալեզու դպրոցների բացման հետ կապված հարցի շուրջ:
- Հարցման արդյունքում ստացված թվային պատկերը «կառավարամետ» է:
Ինչպես tert.am-ի իր բլոգում նշում է Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ «…հարցումը, որ արտաքուստ պետք է խոսեր կառավարության օգտին, իրականում ստիպել է տալիս արձանագրելու, որ այս հարցում կառավարությունը պարտվել է»:
Պարզաբանում: Իսկ ո՞վ ասաց կամ որտե՞ղ է արձանագրված, որ հարցումը հենց այդ նպատակն ուներ՝ խոսելու կառավարության օգտնին: Եթե այդպես լիներ, ապա ընկերությունը կողմ և դեմ կարծիքներ ունեցողների պարզ թվային բաշխումից զատ հաջորդաբար չէր ներկայացնի այդ հարցն ըստ Երևանի և մարզերի բնակչության, կրթության, տարիքային խմբերի և որ ամենաէականն է՝ ըստ այն պատասխանների, որ ներկայացված են որպես դրական ու բացասական վերաբերմունքի հիմնավորումներ: Հարցման արդյունքները ներկայացված են այնպես, ինչպես ստացվել են և վերլուծվել ճշգրիտ մեթոդաբանությամբ:
Քննարկման առարկա դարձած հարցը մի ծավալուն հետազոտությունից է, որի ժամանակ կիրառվում է համաշխարհային հայտնի մի գործիք՝ կառավարության գործունեության գնահատականների գործակից (GS Index – Government Success Index), ինչն «Այ Փի Էս Սի»-ն ադապտացրել է հայաստանյան իրականությանը: Այս հետազոտության միջոցով շարունակաբար չափվում են կառավարության գործունեության 14-ից ավելի ոլորտներ, որի միջոցով բացահայտվում են տվյալ ժամանակահատվածում կառավարության գործունեության ուժեղ և թույլ կողմերը, կառավարություն-հասարակություն կապը, հասարակական վստահության մակարդակը, բնակչության տեղեկացվածությունն ու գնահատականները գործունեության տարբեր ասպեկտների վերաբերյալ, ընտանիքից մինչև երկրի հիմնախնդիրների ողջ պատկերը, դրանց պատասխանատուներն ու բազմաթիվ այլ հարցեր: Հետազոտության արդյունքում «Այ Փի Էս Սի»-ն բազմաթիվ տվյալներ է ստանում կառավարության ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերացումների մասին:
2. Եթե հարցն այլ կերպ ձևակեպվեր, ապա կստացվեր այլ պատասխան (առաջարկվում են ամենաբազմազան տարբերակներ):
Պարզաբանում: «Այ Փի Էս Սի»-ի մասնագետները հարցը ձևակերպել են ըստ հարցման ընդհանուր տրամաբանության: Քանի որ հարցման նպատակն է՝ չափել կառավարության գործունեության գնահատականները, ապա հարցը ձևակերպվել է հենց որպես Կառավարության նախաձեռնությանը, որոշմանը դրական ու բացասական վերաբերվողների տեսակարար կշիռը պարզելու համար: Կարևորն այն է, որ ընկերությունը հարցի ձևակերպումը հրապարակել է հենց այնպես, ինչպես հարցրել է, և հաշվետվության մեջ ներկայացված է կոնկրետ այդ հարցին պատասխանների բաշխվածությունը: Իսկ թե ինչպիսին կլիներ այլ ձևակերպմամբ հարցի պատասխանը, ենթադրություններ են, որոնք կարող են ճշտվել միայն տվյալ ձևակերպմամբ հարցում իրականացնելուց հետո: Հարցը՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում օտարալեզու դպրոցների բացումը թույլատրելու Կառավարության որոշմանը» ձևակերպված է մասնագիտորեն կոռեկտ, համապատասխանում է հետազոտության ընդհանուր նպատակին: Հարցի մեջ չէր կարող լինել քննարկման մասնակիցների առաջարկած՝ «կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների բացմանը» կամ նմանատիպ այլ ձևակերպումներ, քանի որ մասնագիտական կոպիտ սխալ կլիներ հարցի մեջ կողմորոշիչ բառեր դնելը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ սկզբում դրվել են բացասական դիրքորոշման պատասխանները, հաշվի առնելով, որ հարցվողները հոգեբանորեն առավել հակված են ընտրել սկզբում հնչեցրած տարբերակը: Առաջարկը՝ հարցից առաջ բացատրել, թե ինչ է նշանակում օտարալեզու դպրոց, ինչպես են կազմակերպվելու դասերն այնտեղ և այլն, բոլորովին կոռեկտ չէ հանրային կարծիքի հարցման դեպքում: Հարցման նպատակն է՝ պարզել բնակչության կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ այնքանով, որքանով որ տեղյակ են մարդիկ դրանից տվյալ պահին:
3. Հարցման մասնակիցները տեղեկացված չեն եղել, այդ պատճառով էլ ստացվել է նման պատկեր:
Պարզաբանում: Սոցիոլոգիական հարցումներ իրականացնող ընկերությունները պատասխանատու չեն ՀՀ բնակչության տեղեկացվածության աստիճանի համար: Հանրային կարծիքի հարցումը բոլոր երկրներում ու ընդունված մեթոդաբանությամբ արվում է նույն կերպ՝ գլխավոր համախմբությունից (այս դեպքում՝ 18տ.-ից բարձր ՀՀ բոլոր քաղաքացիները) ներկայացուցչական ձևով ընտրելով համապատասխան քանակով պատահական հարցվողների, ովքեր իրենց սոցիալ-ժողովրդագրական հատկանիշներով կարող են ներկայացնել ողջ հանրությանը: Սա անփոփոխ ու գիտական պահանջ է: Այսինքն, մենք չենք կարող հատուկ ընտրել տեղեկացված մարդկանց, հարցում իրականացնել ու թվերը ներկայացնել որպես հանրային կարծիք: Մեղադրել ընկերությանը, որ հարցում է անցկացրել չտեղեկացված մարդկանց շրջանում, նման է ծուռ հայելու մեջ նայելուն: Մեղադրել կարելի է Կառավարությանը, ԶԼՄ-ներին, մարդկանց, որ չեն հետաքրքվում այն իրականությամբ, որտեղ ապրում են, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբին (որն աղմուկ էր բարձրացնում միայն Կառավարության ու ԱԺ շենքերի մոտ, ԶԼՄ-ներին հարցազրույցներ էր տալիս, բայց երբեք չմտածեց մեկնել որևէ մարզ և տեղեկացնել, բացատրել մարդկանց), բայց ոչ հարցում իրականացնող ինստիտուտին:
Ի դեպ, «Այ Փի Էս Սի»-ն իր մեծ ձեռքբերումն է համարում այն հանգամանքը, որ օտարալեզու դպրոցների դեմ նախաձեռնող խումբը, մեր հետազոտության արդյունքում համոզվելով, որ մարզերում այս հարցի մասին տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է, արդեն իսկ նախաձեռնել է մարզային այցելություններ՝ իրազեկելու բնակչությանը:
4. Հարցման մեջ պետք է գերակշռեր տեղեկացված, խնդրով մտահոգ ու պատասխանատու մարդկանց թիվը:
Պարզաբանում: Փաստորեն առաջարկվում է հանրային կարծիքի հարցման մեջ դոմինանտ համարել որևէ առանձին խմբի կարծիք: Սակայն նմանատիպ մոտեցումը հակաժողովրդավարական և անգամ շովինիստական տպավորություն է թողնում, երբ խոսքը գնում է հանրային կարծիքի ուսումնասիրության մասին: Նման ֆոկուսավորված հարցումների համար սոցիոլոգիայում կան մի շարք այլ մեթոդներ՝ ֆոկուս-խումբ, փորձագիտական հարցում և այլն:
Ընդհանուր առմամբ, մեր հասարակությունն ավելի բազմաշերտ է, քան մենք ենք պատկերացնում՝ հիմք ընդունելով մեր փոքր շրջապատը: Հասարակական կարծիքում իրենց բաժինն ունեն տնային տնտեսուհին, «խոպանչին», բժիշկը, թոշակառուն, գործարարն ու թոփ-մոդելը, ու այսպես բոլորն ըստ իրենց համամասնության, ինչը պետք է նաև նույն համամասնությամբ արտահատվի հանրային կարծիքի հարցումներում:
Այսպես օրինակ, պատկերացնենք, որ համապետական ընտրություններ են, որտեղ քվեարկելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները (բացառությամբ մի շարք դեպքերի): Եվ քվեարկության թողնեն միայն այն մարդկանց, ովքեր քաղաքականապես ակտիվ են, տեղյակ կամ զբաղվում են քաղաքականությամբ:
Սոցիոլոգիան այնտեղ է, որտեղ կան խնդիրներ և պարադոքսներ: Եթե հասարակական կարծիքը լիներ ակնհայտ, հարցումների անհրաժեշտություն չէր լինի: Այսպես, հենց հարցումներն են ցույց տալիս, որ երկու տարի առաջ երևանցիների 30%-ը չգիտեր, որ կարմիր լույսին պետք է կանգնել, իսկ կանաչին՝ անցնել, իսկ երիտասարդների մի նշանակալի մաս կարծում էր, որ ՁԻԱՀ-ով վարակվում են նույն սպասքից օգտվելիս: Հարցումները չեն լինում սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, քննադատող կամ հաճոյախոսող: Հարցումները, լակմուսի թերթիկի նման, ցույց են տալիս՝ կա արդյոք հիմնախնդիր, պարադոքս, թե՝ ոչ: Իդեալում, հարցման արդյունքների պրոֆեսիոնալ վերլուծությունները ինֆորմացիոն հիմք են հանդիսանում որոշումների կայացման համար, ինչպես քաղաքական, այնպես էլ մարքեթինգի, բիզնես խորհրդատվության և այլ ոլորտներում:
Սոցիոլոգիան ժողովրդավարության հետ սերտ կապված գիտություն է, որն ինֆորմացիոն հոսքերում իրականացնում է հանրության ձայնի հնչելի դարձնելու գործընթացը, ինչպես պատկերված է ստորև: Ինչպես նշեցինք, այն հայելի է, որն արտահայտում է իրականությունը:

Հուսով ենք, որ այս քննարկումը Հայաստանում սոցիոլոգիայի «ժողովրդավարացման» առաջին, բայց կարևոր քայլերից է, ու մի օր էլ, նայելով հայելուն, հասարակությունը, լրատվամիջոցներն ու իշխանության ներկայացուցիչները կփորձեն գտնել՝ որտեղ է «ծուռ պատկերի» հիմքը ու ինչ լուծում է պետք դրա համար, այլ ոչ թե կմեղադրեն օբյեկտիվ հայելուն ու գլորելով քաղաքով մեկ կտարածեն՝ սատանա կա քաղաքում…